Այսօր Ձեզ ենք ներկայացնում Apple Watch-ի համար նախատեսված հավելվածների ընտրանին, ինչը շատ օգտակար կլինի յոգայի պարապմունքների ժամանակ։
Apple Watch-ը վաղուց արդեն պարզապես ժամացույց չէ: Այսօր այն ֆիթնեսի անձնական մարզիչ է, ընդ որում, նրա «ծառայությունները» անգնահատելի են. հատկապես հիմա՝ տնային ինքնամեկուսացման պայմաններում։ Այն շուրջօրյա աչալուրջ հետևում է Ձեր առողջության ցուցանիշներին, խթանում՝ ակտիվ լինելու և Ձեր ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու ցանկությունը:
Եթե Դուք զբաղվում եք յոգայով՝ Apple Watch-ի այս հինգ հավելվածները կօգնեն Ձեզ՝ հասկանալու նրա հիմունքները, կազմելու պարապմունքների պլան և սովորելու մեդիտացիա անելն ու ճիշտ շնչելը:
Նշենք, որ որոշ հավելվածներ հարմարեցված են iPhone-ի և Apple Watch-ի համատեղ աշխատանքի համար։
Դե, ինչ, սկսե՞նք։
Daily Yoga
Ամերիկայի առողջապահության ոլորտի խոշորագույն աղբյուրի՝ Healthline-ի կարծիքով Daily Yoga-ն «Լավագույն հավելվածն է յոգայի համար»։ Այն նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ յոգայով զբաղվողների համար։ Օգտատիրոջն առաջարկվում է ավելի քան 500 ասան և 70 ուսուցողական ծրագիր, ինչպես նաև մեդիտացիայի տարբեր սեանսեր, փլեյլիստեր, օգտակար հոդվածներ։
Իսկ եթե Դուք դեռ չգիտեք, թե ինչից պետք է սկսել, փորձեք Smart Coach գործառույթը: Պարզապես նշեք առաջիկայի Ձեր նպատակները, և Smart Coach-ը կդառնա Ձեր ուղեցույցը:
Apple Watch-ի օգնությամբ կարող եք հետևել Ձեր վարժանքների տևողությանը, այրված կալորիաների քանակին, սրտի զարկերի հաճախականությանը, ինչպես նաև դրանց մասին կարող եք նշումներ անել Apple Health-ում:
Սակայն Ձեզ «անակնկալ» է սպասվում. այս ամենը հասանելի է անգլերենով։ Իսկապես, մենք համարում ենք, որ երբեք ուշ չէ սովորելու համար։
Meditation & Sounds
Սա իսկական մեդիտատիվ աուդիո դասընթաց է, որը յուրաքանչյուր օգտատեր կարող է հարմարեցնել իրեն՝ կախված նպատակից, ֆիզիկական վիճակից և տրամադրությունից։
Կյանքի ժամանակակից տեմպը մեզ մշտապես ենթարկում է միկրոսթրեսների, ինչը հանգեցնում է լուրջ հետևանքների։ Meditation & Sounds-ը Ձեզ հնարավորություն է տալիս օգտվելու հակասթրեսային մեդիտացիաների լայն շրջանակից, որոնք կօգնեն Ձեզ՝ հաղթահարելու քնի պակասը, նվազ արտադրողականությունը, անհանգստությունը, ցրվածությունը և ցածր ինքնագնահատականը:
Ի դեպ, սարքը մշակողները նշում են, որ Apple Watch-ի հավելվածն օգտագործվում է երեք անգամ ավելի հաճախ, քան iPhone-ում։ Անշո՛ւշտ, չէ որ դա այնքան հարմար է: Թեև կան կասկածներ, որ դրական տրամադրվածությանը և սեփական անձի վրա ակտիվ աշխատելու ցանկությանը նպաստում են նույնիսկ ժամացույցների համար նախատեսված ոճային և ամառ հիշեցնող գունեղ թևնոցները։
Breathe App
Թերևս սա լավագույն օգնականն է շնչառական պարապմունքների ժամանակ: Դասերը կարող են յուրացնել նույնիսկ սկսնակները։ Ընթացքում Դուք կկարողանաք թուլանալ, կենտրոնանալ, խաղաղեցնել Ձեր բանականությունը և կարգի բերել մտքերը։
Apple Watch-ի էկրանին պատկերված վիզուալ էֆեկտները և Ձեր դաստակի վրա զգացվող մեղմ թրթիռները ազդանշան են ներշնչելու և արտաշնչելու համար: Ճիշտ շնչառությունը հագեցնում է ուղեղը անհրաժեշտ քանակությամբ թթվածնով, իջեցնում ճնշումը և օգնում հանգստանալուն, իսկ առաջիկա կանոնավոր պարապմունքները չեզոքացնում են միկրոսթրեսների հետևանքները:
Breathe հավելվածում շնչառական պարապմունքների ընթացքում ծանուցումներ չեք ստանա. Apple Watch-ը կանջատի դրանցից մի քանիսը, որպեսզի Դուք կարողանաք կենտրոնանալ: Մեծ թվով զանգերը, հաղորդագրությունները, ծանուցումներն ու ավելորդ ֆիզիկական ակտիվությունը ինքնըստինքյան սեանսն ավարտելու պատճառ կդառնան:
My Water
Հայտնի է, որ մարդն օրական պետք է օգտագործի միջին հաշվով մոտ 2 լիտր մաքուր ջուր, ինչը նպաստում է մարսողության բարելավմանը, մաշկի մաքրմանը, սրտանոթային համակարգի նորմալացմանը: My Water-ը կօգնի Ձեզ ձևավորելու այս առողջ սովորությունը:
Հաշվի առնելով Ձեր սեռը, տարիքը, քաշը, ամենօրյա ակտիվությունը՝ հավելվածը կհաշվի օրական նորման Ձեզ համար։ Ձեզ հասանելի կլինեն վիճակագրությունը, խորհուրդներ, ինչպես նաև հիշեցումներ՝ ջուր խմելու քանակի և ժամանակի մասին:
My Water-ը ինտեգրվում է Apple Health-ին շատ այլ հավելվածների նման:
MyFitnessPal
Սա շատ պարզ և հարմար կալորիաների հաշվիչ է: Նշեք Ձեր տարիքը, սեռը, հասակը, քաշը, ակտիվության մակարդակն ու Ձեր առջև դրված նպատակները, և MyFitnessPal-ը Ձեզ կպատմի, թե ինչպես պետք է պահպանել մարզավիճակը:
Առավելագույն արդյունավետության համար խորհուրդ է տրվում վարել ամենօրյա օրագիր։ Մի մոռացեք գրանցել, թե ինչ եք կերել և որքան, արդյոք օրվա ընթացքում ունեցել եք ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Եվ Apple Watch-ը կվերլուծի Ձեր ակտիվությունը, այրված կալորիաների քանակը, մթերքների օգտակարությունը և սննդային արժեքը: Ւ դեպ, MyFitnessPal-ում հավաքված է ամենամեծ սննդային բազան՝ ավելի քան 4 միլիոն անվանում աշխարհի տարբեր խոհանոցներից:
Հսկայական է յոգայի օգտակար ազդեցությունը ֆիզիկական առողջության և մտավոր ներդաշնակության համար: Հիանալի է, եթե նույնիսկ կյանքի խելահեղ ռիթմում հաջողվում է ժամանակ գտնել Ձեզ համար։ Համաձայնեք, որ միշտ կարելի է գտնել 10-15 րոպե պարապմունքի համար: Նման օգնականների հետ Դուք անպայման միշտ կլինեք առողջ, կենսուրախ և գրավիչ:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: