1. Սահմանումներ
Պայմանագրում, ինչպես նաև դրան կից Հավելվածներում օգտագործվող բառերն ու արտահայտություններն ունեն ստորև նշված իմաստը, բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանագրի բովանդակությունից բխում է այլ բան։
1.1. «Օֆերտա»՝ Վաճառողի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան անձանց անորոշ շրջանակին հասցեագրված առաջարկների հրավեր։
1.2. «Պայմանագիր»՝ սույն Օֆերտայի ակցեպտավորմամբ Վաճառողի և Գնորդի միջև կնքվող ապրանքի առուվաճառքի պայմանագիրը՝ ներառյալ Կայքում տվյալ ապրանքի վերաբերյալ հրապարակված նկարագիրը, գինը, առաքման պայմանները, վճարման պայմանները, վերադարձի և երաշխիքի վերաբերյալ հրապարակված պայմանները։
1.3. «Ակցեպտ»՝ Գնորդի կողմից սույն Օֆերտայի պայմանների ընդունումը՝ Կայքում պատվերը վերջնական հաստատելու, վճարման պարտավորությունը հստակ արտահայտող կոճակը սեղմելու, վճարումը կատարելու կամ սույն Օֆերտայով նախատեսված այլ հստակ գործողությամբ։ Օգտագործողի միայն գրանցումը Կայքում ինքնին չի համարվում վճարովի առուվաճառքի պայմանագրի կնքում, եթե պատվեր չի ձևակերպվել և չի հաստատվել։
1.4. «Վաճառող»՝ «ԷՅ ԷՍ ԲԻ ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը Կայքի միջոցով իրականացնում է ապրանքների վաճառք։
1.5. «Գնորդ»՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Կայքի միջոցով կամ Վաճառողի հետ այլ հեռակա կապի միջոցով պատվիրում կամ ձեռք է բերում ապրանք։
1.6. «Սպառող»՝ ֆիզիկական անձ, որը ձեռք է բերում կամ մտադիր է ձեռք բերել ապրանք անձնական, ընտանեկան, տնային կամ այլ ոչ ձեռնարկատիրական նպատակով։ Սույն Օֆերտայում Սպառողի համար նախատեսված հատուկ իրավունքները կիրառվում են այն դեպքերում, երբ Գնորդը հանդես է գալիս Սպառողի կարգավիճակով։
1.7. «Օգտագործող»՝ Կայքում գրանցված կամ Կայքը առանց գրանցման օգտագործող անձ, որը դիտում է ապրանքները, ձևակերպում պատվեր, օգտվում է անձնական հաշվից կամ Կայքի այլ գործիքներից։
1.8. «Կայք»՝ Վաճառողին պատկանող համացանցում տեղեկայված կայքէջերի համալիր՝ https://www.ispace.am հասցեում գտնվող մեկնարկային կայքէջ, որի միջոցով կարելի է մուտք գործել բոլոր կայքէջեր, ծանոթանալ ապրաքների առկա տեսականուն, դրանց համար նախատեսված վաճառքի գներին։ Կայքում ներկայացված են գնման համար Վաճառողի կողմից առաջարկվող ապրանքները, ինչպես նաև դրանց դիմաց վճարման գործիքների հնարավոր տարբերակները։
1.9. «Ապրանք»՝ Վաճառողին սեփականության իրավունքով պատկանող ապրանքատեսականին, որը ներկայացված է ինտերնետային կայքէջերում։
1.10. «Պատվեր»՝ Գնորդի կողմից Կայքում կամ Վաճառողի հետ հեռակա հաղորդակցության միջոցով ձևակերպված հայտ՝ որոշակի ապրանք ձեռք բերելու և այն ստանալու վերաբերյալ։
1.11. «Կայուն կրիչ»՝ ցանկացած միջոց, որը հնարավորություն է տալիս Գնորդին պահպանել իրեն հասցեագրված տեղեկատվությունը և հետագայում անփոփոխ ձևով վերարտադրել այն, այդ թվում՝ էլեկտրոնային նամակ, PDF փաստաթուղթ կամ անձնական հաշվում հասանելի պատվերի հաստատում։
1.12. «Առևտրային երաշխիք»՝ արտադրողի կամ Վաճառողի կողմից օրենքով նախատեսված պարտադիր իրավունքներից բացի կամ դրանցից անկախ տրվող լրացուցիչ պարտավորություն՝ ապրանքի որակի, վերանորոգման, փոխարինման կամ սպասարկման վերաբերյալ։
1.13. «Ապրանքի համապատասխանություն»՝ ապրանքի համապատասխանությունը պայմանագրով համաձայնեցված և օրենքով ակնկալվող պահանջներին, այդ թվում՝ նկարագրին, քանակին, որակին, ֆունկցիոնալությանը, համատեղելիությանը, անվտանգությանը, լրակազմին, հրահանգներին, թարմացումներին և սպառողի ողջամիտ ակնկալիքներին։
1.14. «Նույնականացում»՝ Գնորդի և/կամ Օգտագործողի կողմից Կայք մուտք գործելու թույլտվության իրավաչափության գնահատման ընթացակարգ, որը իրականացվում է էլեկտրոնային գրանցման միջոցով՝ կիրառելով համապատասխան մուտքանուն և գաղտնաբառ։
1.15. «Անձնական տվյալներ»՝ Կայքի օգտագործման արդյունքում ֆիզիկական անձանց վերաբերյալ ստացված տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել տվյալ անձի ինքնությունը։ Այդ տվյալները ենթակա են մշակման՝ ավտոմատացված, տեխնիկական միջոցների կիրառմամբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ։
Սույն Պայմանագրում կարող են կիրառվել այլ արտահայտություններ, որոնց նշանակությունը սահմանված չէ Պայմանագրի՝ «Սահմանումներ» բաժնում, որի պարագայում այդ արտահայտությունների մեկնաբանությունը իրականացվում է Պայմանագրի բովանդակությանը և էությանը համապատասխան։
2. Ընդհանուր դրույթներ
2.1. Սույն Օֆերտան սահմանում է Կայքի միջոցով ապրանքների ընտրության, պատվերի ձևակերպման, վճարման, առաքման, ընդունման, վերադարձի, երաշխիքային սպասարկման, բողոքների ներկայացման և կողմերի այլ իրավունքների ու պարտականությունների հիմնական պայմանները։
2.2. Հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասը՝ սույն Պայմանագրով նախատեսված պայմանների ընդունման և Կայքում Պատվերների ձևակերպման դեպքում, ֆիզիկական անձը և/կամ իրավաբանական անձը համարվում է Հրապարակային օֆերտան ակցեպտավորած, և ձեռք է բերում Գնորդի կարգավիճակ, ինչը հավասարազոր է օֆերտայում նշված պայմաններով պայմանագրի կնքման, իսկ Վաճառողն ու Գնորդը միասին որակվում են որպես առուվաճառքի պայմանագրի կողմեր։
2.3. Սույն Օֆերտան հրապարակվում է Կայքում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և հասանելի է Գնորդին մինչև պատվերի ձևակերպումը։ Սույն Օֆերտայի տարբեր լեզվային տարբերակների միջև որևէ անհամապատասխանության, հակասության կամ տարբեր մեկնաբանության դեպքում գերակա է համարվում հայերեն տարբերակը և կիրառվում է դրա բովանդակությունը: Վաճառողը պարտավորվում է ապահովել, որ Սպառողին տրամադրվող հիմնական նախապայմանագրային տեղեկատվությունը լինի պարզ, հասկանալի, հասանելի և չմոլորեցնող։
2.4. Վաճառողը կարող է փոփոխել սույն Օֆերտան, ապրանքների տեսականին, գները, առաքման կամ այլ պայմանները՝ փոփոխությունները հրապարակելով Կայքում։ Այդ փոփոխությունները չեն տարածվում մինչև փոփոխությունների հրապարակումը Վաճառողի կողմից հաստատված և վճարված պատվերների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը բարելավում է Գնորդի վիճակը կամ Կողմերը համաձայնում են այլ բան։
2.5. Կայքում ապրանքի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը, այդ թվում՝ նկարագիրը, տեխնիկական բնութագրերը, գինը, զեղչը, երաշխիքը, առաքման պայմանները և վերադարձի վերաբերյալ հղումները, կազմում են տվյալ ապրանքի վերաբերյալ Գնորդին տրամադրվող տեղեկատվության մասը։
2.6. Սույն Օֆերտայում օգտագործվող ցանկացած ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել ի վնաս Սպառողի պարտադիր իրավունքների, կիրառվում է միայն այն չափով, որքանով այն չի հակասում ՀՀ պարտադիր կիրառման ենթակա օրենսդրությանը։
3. Պայմանագրի առարկան
3.1. Սույն Օֆերտայի առարկան Վաճառողի կողմից Գնորդին Կայքում ներկայացված ապրանքների վաճառքն է, իսկ Գնորդի կողմից՝ ընտրված ապրանքի դիմաց վճարման կատարումը և ապրանքի պատշաճ կարգով ընդունումը՝ սույն Օֆերտայի և տվյալ պատվերի պայմաններին համապատասխան։
3.2. Ապրանքի անվանումը, մոդելը, քանակը, հիմնական բնութագրերը, գինը, զեղչը, առաքման հնարավոր եղանակները, վճարման եղանակները և այլ էական պայմանները սահմանվում են Վաճառողի կողմից ՝ Կայքում հրապարակելու միջոցով կամ Գնորդի պատվերի հաստատման էջում, որոնց ընդունումը Գնորդի կողմից համարվում է սույն պայմանագրի ակցեպտ։
3.3. Ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը Գնորդին անցնում է ապրանքի փաստացի հանձնման և դրա դիմաց ամբողջական վճարման պահից, եթե Կողմերը կամ օրենքը այլ բան չեն նախատեսում։ Ապրանքի պատահական կորստի կամ վնասման ռիսկը Սպառողի նկատմամբ անցնում է այն պահից, երբ ապրանքը ֆիզիկապես հանձնվել է Սպառողին կամ նրա կողմից նշված ստացող անձին։
3.4. Վաճառողը երաշխավորում է, որ վաճառվող ապրանքներն ազատ են երրորդ անձանց իրավունքներից, չունեն թերություններ և համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ և/կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանաված ապրանքների պահանջներին։
4. Ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն և համապատասխանություն
4.1. Վաճառողը Գնորդին տրամադրում է ապրանքի հիմնական բնութագրերի վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ ապրանքի անվանումը, մոդելը, տեխնիկական հիմնական տվյալները, գինը, լրակազմը, երաշխիքի և սպասարկման հիմնական պայմանները, առաքման եղանակները և, եթե կիրառելի է, թվային ֆունկցիոնալության, համատեղելիության և թարմացումների վերաբերյալ տեղեկատվությունը։
4.2. Վաճառողը պարտավորվում է Գնորդին փոխանցել այնպիսի ապրանք, որը համապատասխանում է պայմանագրով համաձայնեցված նկարագրին, քանակին, որակին, ֆունկցիոնալությանը, փոխգործակցելիությանը, անվտանգության և սովորական օգտագործման նպատակների վերաբերյալ ողջամիտ պահանջներին։
4.3. Թվային տարր պարունակող ապրանքների դեպքում Վաճառողը Կայքում կամ ապրանքի էջում ներկայացնում է արտադրողի կողմից հրապարակված կամ հասանելի դարձված տեղեկատվությունը ծրագրային և անվտանգության թարմացումների, ֆունկցիոնալության, համատեղելիության և տեխնիկական աջակցության վերաբերյալ։ Թարմացումների հասանելիությունը կախված է արտադրողի քաղաքականությունից, սարքի մոդելից, տարածաշրջանից, ծրագրային տարբերակից և տեխնիկական այլ պայմաններից։
4.4. Եթե ապրանքի տեղադրումը, գործարկումը կամ նախնական կարգավորումը կատարվում է Վաճառողի կամ նրա հանձնարարությամբ ներգրավված անձի կողմից, ապա սխալ տեղադրման հետևանքով առաջացած անհամապատասխանությունը չի կարող դրվել Գնորդի վրա։ Եթե տեղադրումը պետք է կատարի Գնորդը, ապա Վաճառողը տրամադրում է արտադրողի հրահանգները կամ դրանց հասանելիության վերաբերյալ տեղեկատվություն։
4.5. Կայքում կամ գովազդային նյութերում օգտագործվող «պաշտոնական երաշխիք», «թարմացումներ», «ամբողջական աջակցություն», «ապառիկ» կամ նմանատիպ պնդումները կիրառվում են միայն այն ծավալով և պայմաններով, որոնք հստակ նշված են տվյալ առաջարկի, արտադրողի քաղաքականության կամ ֆինանսավորող կազմակերպության պայմաններում։
5. Գինը, վճարման կարգը և ապառիկ առաջարկները
5.1. Ապրանքի գինը նշվում է Կայքում ՀՀ դրամով, ներառյալ կիրառելի հարկերը, եթե Կայքում այլ բան հստակ նշված չէ։ Պատվերի վերջնական հաստատումից առաջ Գնորդին ցուցադրվում է վճարման ենթակա ընդհանուր գումարը՝ ապրանքի գինը, զեղչը, առաքման արժեքը և այլ պարտադիր վճարները, եթե այդպիսիք կան։
5.2. Եթե առաքման արժեքը կամ այլ լրացուցիչ ծախսը հնարավոր չէ նախապես ճշգրիտ հաշվարկել, Կայքում պետք է հստակ նշվի դրա հաշվարկման եղանակը կամ այն հանգամանքը, որ նման ծախս կարող է առաջանալ։
5.3. Գնորդը վճարումը կատարում է Կայքում հասանելի վճարման եղանակներից մեկով կամ Վաճառողի հետ համաձայնեցված այլ եղանակով։ Վճարումը համարվում է կատարված այն պահից, երբ Վաճառողի կամ վճարային ծառայություն մատուցողի համակարգում հաստատվում է համապատասխան գումարի վճարումը։
5.4. Եթե Կայքում ներկայացվում է ապառիկ, վարկային կամ «0%», «interest-free», «0-0-12» կամ նմանատիպ ֆինանսավորման առաջարկ, ապա Գնորդին պետք է պարզ և տեսանելի ներկայացվեն կանխավճարը, ժամկետը, ամսական վճարը, փաստացի տոկոսադրույքը, վարկի/ապառիկի ընդհանուր արժեքը, լրացուցիչ վճարները և այն հանգամանքը, որ վերջնական պայմանները կարող են հաստատվել ֆինանսավորող կազմակերպության կողմից։
5.5. Եթե պատվերի ձևակերպումից և վճարումից հետո պարզվում է, որ ապրանքը հնարավոր չէ մատակարարել, Վաճառողը անհապաղ տեղեկացնում է Գնորդին և առաջարկում է պատվերի չեղարկում՝ վճարված գումարի վերադարձով, կամ այլ լուծում՝ Գնորդի համաձայնությամբ։
6. Պատվերի ձևակերպումը և Օֆերտայի ակցեպտը
6.1. Գնորդը կարող է պատվեր ձևակերպել Կայքի միջոցով, հեռախոսային կապով, էլեկտրոնային հաղորդակցությամբ կամ Վաճառողի կողմից հասանելի դարձված այլ եղանակով։
6.2. Պատվերի ձևակերպման համար Գնորդը տրամադրում է պատվերի կատարման համար անհրաժեշտ տվյալներ, այդ թվում՝ անունը, ազգանունը, առաքման հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ընտրված ապրանքը, քանակը և վճարման եղանակը։
6.3. Պատվերի վերջնական հաստատումից առաջ Գնորդին պետք է հնարավորություն տրվի ստուգելու պատվերի ամբողջական տվյալները, ուղղելու սխալները, ծանոթանալու սույն Օֆերտային, վերադարձի և երաշխիքի հիմնական պայմաններին, ինչպես նաև տեսնելու վճարման ենթակա վերջնական գումարը։
6.4. Կայքի միջոցով վճարովի պատվերը վերջնական հաստատող կոճակը պետք է ձևակերպված լինի այնպես, որ Գնորդի համար միանշանակ պարզ լինի վճարման պարտավորության առաջացումը։ Կոճակի անվանումը «Պատվիրել»։ Եթե նման հստակ ձևակերպում չի օգտագործվում, ապա Վաճառողը պետք է ապահովի վճարման պարտավորության նույնքան հստակ և տեսանելի բացահայտում։
6.5. Սույն Օֆերտայի ակցեպտը տեղի է ունենում այն պահին, երբ Գնորդը պատվերի վերջնական էջում սեղմում է վճարման պարտավորությունը հստակ արտահայտող կոճակը և/կամ կատարում է վճարումը՝ ըստ ընտրված վճարման եղանակի։ Կայքում գրանցվելը, զամբյուղում ապրանք ավելացնելը կամ ապրանքի դիտումը ինքնին վճարովի առուվաճառքի պայմանագիր չի ստեղծում։
6.6. Պատվերի հաստատումից հետո Վաճառողը Գնորդին կայուն կրիչով ուղարկում կամ հասանելի է դարձնում պատվերի հաստատումը՝ ներառյալ ապրանքի անվանումը, քանակը, գինը, առաքման արժեքը, վճարման եղանակը, առաքման տվյալները, վերադարձի և երաշխիքի հիմնական պայմանների հղումները և Վաճառողի կոնտակտային տվյալները։
6.7. Հեռախոսային վաճառքի դեպքում Վաճառողի ներկայացուցիչը սկզբում հայտնում է իր ինքնությունը, զանգի առևտրային նպատակը, Վաճառողի տվյալները և պատվերի հիմնական պայմանները։ Հեռախոսով ձևակերպված պատվերը Սպառողի համար պարտադիր է դառնում միայն այն դեպքում, երբ Սպառողը պատվերի պայմաններին համաձայնություն է տալիս կայուն կրիչով կամ այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս հետագայում հաստատել համաձայնության բովանդակությունը։
6.8. Պատվերի ժամանակ Գնորդի կողմից հաստատվող checkbox-ի առաջարկվող տեքստը կարող է լինել. «Սույնով հաստատում եմ, որ ծանոթացել եմ սույն Հրապարակային օֆերտային, վերադարձի, երաշխիքի և անձնական տվյալների մշակման հիմնական պայմաններին, հասկանում եմ պատվերի վճարման պարտավորությունը և համաձայն եմ պատվերը ձևակերպել նշված պայմաններով»։
7. Առաքում, ապրանքի ընդունում և ռիսկերի փոխանցում
7.1. Առաքման եղանակները, տարածքները, ժամկետները և արժեքը ներկայացվում են Կայքում կամ Գնորդին հաղորդվում են պատվերի ձևակերպման ընթացքում՝ մինչև պատվերի վերջնական հաստատումը։
7.2. Եթե Կողմերը այլ ժամկետ չեն համաձայնեցրել, Վաճառողը պարտավորվում է Սպառողին ապրանքը հանձնել հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 80 (ութսուն) օրացուցային օրվա ընթացքում։ Եթե Վաճառողը չի կարող պահպանել նշված ժամկետը, նա նախապես տեղեկացնում է Գնորդին և առաջարկում է նոր ժամկետ կամ պատվերի չեղարկում՝ վճարված գումարի վերադարձով։
7.3. Ապրանքը հանձնվում է անձամբ Գնորդին կամ նրա կողմից նշված ստացողին։ Ապրանքը ստացող անձը կարող է պարտավորվել ներկայացնել նույնականացման համար անհրաժեշտ տվյալներ կամ պատվերի հաստատումը։
7.4. Առաքման պահին Գնորդին առաջարկվում է ստուգել փաթեթավորման և ապրանքի արտաքին վիճակը, լրակազմը և ակնհայտ տեսանելի վնասների առկայությունը։ Տեսանելի վնասի կամ ակնհայտ անհամապատասխանության դեպքում Գնորդը կարող է հրաժարվել ապրանքի ընդունումից և պահանջել կազմել համապատասխան արձանագրություն կամ արձանագրել հանգամանքը այլ ապացուցելի եղանակով։
7.5. Ապրանքի ընդունումը, առաքման փաստաթղթի ստորագրումը, տեղում ստուգումից հրաժարվելը կամ ապրանքը փակ փաթեթավորմամբ ստանալը չի սահմանափակում Գնորդի՝ թաքնված թերությունների, գործարանային արատի կամ պայմանագրին այլ անհամապատասխանության դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքները։
7.6. Եթե ապրանքի ակնհայտ վնասը, լրակազմի պակասը կամ արտաքին տեսքի վերաբերյալ խնդիրն առաջ է քաշվում ապրանքի ընդունումից հետո, հարցը գնահատվում է տվյալ գործի փաստերի հիման վրա՝ հաշվի առնելով փաթեթավորման վիճակը, լուսանկարները, տեսագրությունները, առաքման փաստաթղթերը, սպասարկման կենտրոնի եզրակացությունը և այլ ապացույցներ։
8. Հեռակա պայմանագրից հրաժարում, վերադարձ և գումարի վերադարձ
8.1. Սպառողը, օրենքով սահմանված բացառություններից բացի, իրավունք ունի առանց պատճառաբանության հրաժարվել Կայքի միջոցով կնքված հեռակա պայմանագրից ապրանքը ստանալու օրվանից 14 (տասնչորս) օրացուցային օրվա ընթացքում։ Եթե մեկ պատվերով մատակարարվում են մի քանի ապրանքներ առանձին առաքումներով, ժամկետը հաշվարկվում է վերջին ապրանքը ստանալու օրվանից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
8.2. Հրաժարման իրավունքի իրականացման համար Սպառողը մինչև 14-օրյա ժամկետի ավարտը Վաճառողին ուղարկում է հստակ հայտարարություն՝ էլեկտրոնային փոստով, Կայքի համապատասխան ձևի միջոցով, անձնական հաշվի միջոցով կամ Վաճառողի հրապարակված այլ կապի միջոցներով։ Սպառողը կարող է օգտագործել սույն Օֆերտայի հավելվածում նշված հրաժարման դիմումի ձևը, սակայն այդ ձևի օգտագործումը պարտադիր չէ։
8.3. Հրաժարման մասին հայտարարությունը ստանալուց հետո Վաճառողը Սպառողին ուղարկում է ստացման հաստատում կայուն կրիչով, եթե հայտարարությունը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով։
8.4. Հրաժարման մասին հայտարարությունը ներկայացնելուց հետո Սպառողը պարտավոր է ապրանքը վերադարձնել Վաճառողին կամ Վաճառողի կողմից նշված անձին ոչ ուշ, քան 14 (տասնչորս) օրվա ընթացքում, եթե Վաճառողը չի առաջարկել ապրանքը վերցնել ինքնուրույն։
8.5. Վաճառողը վերադարձնում է Սպառողի վճարած գումարները, ներառյալ ստանդարտ առաքման արժեքը, եթե այն վճարվել է, ոչ ուշ, քան հրաժարման մասին հայտարարությունը ստանալու օրվանից 14 (տասնչորս) օրվա ընթացքում։ Վաճառողը կարող է հետաձգել գումարի վերադարձը մինչև ապրանքը հետ ստանալը կամ մինչև Սպառողի կողմից ապրանքը վերադարձնելու ապացույց ներկայացնելը, եթե Վաճառողը չի առաջարկել ապրանքը վերցնել ինքնուրույն։
8.6. Գումարի վերադարձը կատարվում է նույն վճարման եղանակով, որով Սպառողը կատարել է վճարումը։
8.7. Պատշաճ որակի ապրանքից հեռակա պայմանագրի շրջանակում հրաժարվելու դեպքում Սպառողը կրում է ապրանքը վերադարձնելու ուղղակի ծախսերը միայն այն դեպքում, երբ այդ մասին նախապես հստակ տեղեկացվել է։ Սխալ, վնասված, թերի, ոչ ամբողջական կամ պայմանագրին անհամապատասխան ապրանքի վերադարձի և անհրաժեշտ կրկնակի առաքման ծախսերը կրում է Վաճառողը։
8.8. Փաթեթավորման բացումը ինքնին չի կարող համարվել բոլոր դեպքերում վերադարձի ավտոմատ մերժման հիմք։ Վերադարձի հարցը գնահատվում է՝ հաշվի առնելով ապրանքի տեսակը, օրենքով նախատեսված բացառությունները, ապրանքի օգտագործված լինելու հանգամանքը, առևտրային տեսքի, սպառողական հատկությունների, լրակազմի, պիտակների և փաստաթղթերի պահպանումը։
8.9. Հրաժարման իրավունքը չի կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնց վերադարձը բացառված է ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ սպառողի անհատական պատվերով պատրաստված կամ անհատականացված ապրանքների, հիգիենիկ կամ առողջապահական նկատառումներով վերադարձի ենթակա չհամարվող և բացված կնքված ապրանքների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերի նկատմամբ։ Յուրաքանչյուր կիրառելի բացառություն պետք է նախապես ներկայացվի Սպառողին պարզ և տեսանելի ձևով։
8.10. Սույն բաժինը չի սահմանափակում Սպառողի իրավունքները այն դեպքերում, երբ ապրանքը թերի է, սխալ է մատակարարվել կամ չի համապատասխանում պայմանագրին։ Այդ դեպքերում կիրառվում են սույն Օֆերտայի 9-րդ բաժնի և ՀՀ օրենսդրության պահանջները։
9. Թերի կամ պայմանագրին անհամապատասխան ապրանք
9.1. Եթե ապրանքը չի համապատասխանում պայմանագրին կամ օրենքով սահմանված համապատասխանության պահանջներին, Սպառողը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով պահանջել անվճար վերանորոգում, փոխարինում, գնի համաչափ նվազեցում, պայմանագրի լուծում և վճարված գումարի վերադարձ, ինչպես նաև պատճառված վնասի հատուցում՝ կիրառելի դեպքերում։
9.2. Սպառողը պետք է Վաճառողին տեղեկացնի ապրանքի անհամապատասխանության մասին այն հայտնաբերելուց հետո 2 (երկու) ամսվա ընթացքում, եթե ՀՀ օրենսդրությամբ ավելի բարենպաստ ժամկետ կամ կարգ նախատեսված չէ։ Ապրանքի ստացման պահին ակնհայտ չհայտնաբերված թաքնված թերության վերաբերյալ պահանջը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ ապրանքը հանձնման պահին արտաքին տեսքով ընդունվել է։
9.3. Ապրանքը հանձնելուց հետո առաջին տարվա ընթացքում հայտնաբերված անհամապատասխանության դեպքում դրա առաջացման պատճառների վերաբերյալ ապացուցման բեռի կանոնները կիրառվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Վաճառողը չի կարող մերժել պահանջը միայն ենթադրությամբ՝ առանց հիմնավորված տեխնիկական կամ փաստական եզրակացության։
9.4. Վերանորոգումը կամ փոխարինումը կատարվում է անվճար՝ ներառյալ անհրաժեշտ առաքման, փոխադրման, աշխատանքի և նյութերի ծախսերը, եթե անհամապատասխանության պատճառը չի առաջացել Գնորդի ոչ պատշաճ օգտագործման, մեխանիկական վնասման, չթույլատրված միջամտության կամ սույն Օֆերտայով և արտադրողի հրահանգներով նախատեսված այլ բացառությունների հետևանքով։
9.5. Եթե թերության պատճառը վիճարկվում է, Վաճառողը կազմակերպում է ապրանքի ուսումնասիրություն կամ սպասարկման կենտրոնի եզրակացություն։ Գնորդը իրավունք ունի տեղեկացվել ուսումնասիրության արդյունքների մասին և ստանալ մերժման պատճառաբանված բացատրություն։
9.6. Եթե անհամապատասխանությունը աննշան է և օրենքով թույլատրվում է մերժել պայմանագրի լուծումը, Վաճառողը կրում է այդ հանգամանքի ապացուցման բեռը։
10. Երաշխիք և սպասարկում
10.1. Կայքում կամ ապրանքի փաստաթղթերում նշված արտադրողի կամ Վաճառողի առևտրային երաշխիքը լրացուցիչ պարտավորություն է և չի սահմանափակում Սպառողի՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ապրանքի համապատասխանության և անվճար իրավական պաշտպանության իրավունքները։
10.2. Եթե արտադրողի առևտրային երաշխիքը սահմանված է, օրինակ, 12 ամիս ժամկետով, այդ հանգամանքը չի նշանակում, որ Սպառողի օրենքով նախատեսված իրավունքները դադարում են առևտրային երաշխիքի ժամկետի ավարտով։ Նոր ապրանքների նկատմամբ Սպառողի՝ ապրանքի համապատասխանության պահանջներից բխող իրավական պաշտպանությունը կիրառվում է օրենքով սահմանված ժամկետում՝ որպես կանոն առնվազն 2 (երկու) տարի, իսկ օգտագործված ապրանքների դեպքում՝ օրենքով թույլատրելի և նախապես համաձայնեցված ավելի կարճ ժամկետով, որը չի կարող պակաս լինել 1 (մեկ) տարուց։
10.3. Երաշխիքային կտրոնը, առևտրային երաշխիքի պայմանները և սպասարկման հիմնական կանոնները Սպառողին տրամադրվում են պարզ և հասկանալի հայերենով, իսկ էլեկտրոնային վաճառքի դեպքում՝ նաև կայուն կրիչով կամ այնպիսի ձևով, որը թույլ է տալիս պահպանել և վերարտադրել պայմանները։
10.4. Աքսեսուարների, բաղադրիչ մասերի, լիցքավորիչների, մալուխների, ականջակալների և այլ լրակազմի նկատմամբ կիրառվում են առևտրային երաշխիքի պայմանները և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ապրանքի համապատասխանության պահանջները՝ հաշվի առնելով տվյալ մասի բնույթը, օգտագործման պայմանները, բնական մաշվածությունը և արտադրողի հրահանգները։
10.5. Երաշխիքային սպասարկումը կարող է մերժվել, եթե թերությունը պատճառահետևանքային կապով պայմանավորված է Գնորդի կողմից ապրանքի ոչ պատշաճ օգտագործմամբ, մեխանիկական վնասմամբ, խոնավությամբ, օքսիդացմամբ, անհամապատասխան լիցքավորիչի կամ սնուցման օգտագործմամբ, չթույլատրված վերանորոգմամբ, ծրագրային չթույլատրված միջամտությամբ կամ արտադրողի հրահանգների էական խախտմամբ։
10.6. Միայն արտաքին քերծվածքի, բնական մաշվածության կամ օգտագործման հետքի առկայությունը ինքնին չի կարող լինել երաշխիքային կամ օրենքով նախատեսված պահանջի ավտոմատ մերժման հիմք, եթե տվյալ հանգամանքը պատճառահետևանքային կապ չունի ներկայացված թերության հետ։
11. Վաճառողի իրավունքներն ու պարտականությունները
11.1. Վաճառողն իրավունք ունի սահմանել ապրանքների տեսականին, գները, զեղչերը, ակցիաները, վճարման և առաքման պայմանները, ինչպես նաև փոփոխել դրանք Կայքում հրապարակելու միջոցով՝ պայմանով, որ փոփոխությունները չեն վատթարացնի արդեն հաստատված և վճարված պատվերի պայմանները։
11.2. Վաճառողն իրավունք ունի մերժել կամ չեղարկել պատվերը, եթե Գնորդը տրամադրել է ակնհայտ սխալ կամ կեղծ տվյալներ, վճարումը չի հաստատվել, ապրանքը սպառվել է, առաքումը անհնար է, կամ առկա են այլ օբյեկտիվ պատճառներ՝ Գնորդին տեղեկացնելու և վճարված գումարը վերադարձնելու պարտավորությամբ, եթե վճարում կատարվել է։
11.3. Վաճառողը իրավունք ունի պայմանագրի գործողության ողջ ընթացքում առաջացած հարցերի կապակցությամբ Գնորդից պահանջել և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ և լրացուցիչ տեղեկատվություն՝ պայմանագրի պատշաճ կատարման նպատակով։
11.4. Վաճառողը կարող է ներգրավել երրորդ անձանց՝ վճարման, առաքման, սպասարկման կամ տեխնիկական աջակցության համար՝ շարունակելով պատասխանատվություն կրել Գնորդի առջև սույն Օֆերտայով և օրենքով սահմանված իր պարտավորությունների կատարման համար:
11.5. Վաճառողը իրավունք ունի վերահսկել և վերլուծել կայքի օգտագործման պայմաններն ու վիճակագրությունը՝ ներառյալ Գնորդների ակտիվությունը, նպատակ ունենալով՝ բարելավելու սպասարկման որակը և օպտիմալացնելու ապրանքների համար ներկայացվող առաջարկները։
11.6. Վաճառողը իրավունք ունի ստեղծել, օգտագործել և հրապարակայնորեն տարածել իր կողմից մշակված և ստեղծագործական ջանքերի արդյունքում ձևավորված բովանդակությունը, ներառյալ՝ ապրանքների լուսանկարները, նկարագրությունները, տեխնիկական բնութագրերը և հարակից տեղեկատվությունը՝ սահմանելով դրանց օգտագործման կանոններ: Այդ բովանդակության ամբողջական կամ մասնակի պատճենումը, վերարտադրումը, տարածումը, հրապարակումը, օգտագործումը կամ փոփոխումը Գնորդի կամ ցանկացած երրորդ անձի կողմից առանց Վաճառողի նախապես տրված գրավոր թույլտվության արգելվում է և կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն՝ համաձայն հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության մասին գործող ՀՀ օրենսդրության։
11.7. Վաճառողը պարտավոր է ապահովել Գնորդի կողմից պատշաճ կերպով կատարած պատվերի ժամանակին և ճիշտ կատարման գործընթացը՝ համաձայն ներկայացված ապրանքային նկարագրության, գնի և պայմանների։
11.8. Վաճառողը պարտավորվում է տրամադրել հավաստի, ամբողջական և հասկանալի տեղեկատվություն ապրանքի, գնի, վճարման, առաքման, վերադարձի, երաշխիքի և բողոքների ներկայացման կարգի վերաբերյալ։
11.9. Վաճառողը պարտավորվում է ժամանակին և պատշաճ կարգով կատարել հաստատված պատվերը, իսկ պատվերի կատարման անհնարինության դեպքում անհապաղ տեղեկացնել Գնորդին և առաջարկել օրենքին համապատասխան լուծում։
12. Գնորդի իրավունքներն ու պարտականությունները
12.1. Գնորդն իրավունք ունի մինչև պատվերի ձևակերպումը ստանալ ապրանքի, գնի, վճարման, առաքման, վերադարձի, երաշխիքի, բողոքների ներկայացման և Վաճառողի իրավաբանական տվյալների վերաբերյալ ամբողջական և հասանելի տեղեկատվություն։
12.2. Գնորդները կարող են օգտվել սույն պայմանագրով նախատեսված ծառայություններից ոչ միայն առցանց կայքի միջոցով, այլև, կապ հաստատելով Վաճառողի հաճախորդների սպասարկման համապատասխան կենտրոններ և վաճառասրահների հետ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հասցե, հեռախոսահամար և այլն, հրապարակված է կայքէջերում։ Նման կերպ իրականացվող հաղորդակցությամբ սկիզբ առնող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են սույն Հրապարակային օֆերտայի բոլոր դրույթները։
12.3. Սպառողն իրավունք ունի օգտվել սույն Օֆերտայով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ հեռակա պայմանագրից հրաժարվելու, թերի կամ անհամապատասխան ապրանքի դեպքում վերանորոգում, փոխարինում, գնի նվազեցում կամ գումարի վերադարձ պահանջելու իրավունքներից։
12.4. Գնորդը պարտավորվում է ժամանակին և ամբողջությամբ կատարել պատվիրված ապրանքների դիմաց վճարումները՝ համաձայն ներկայացված ապրանքների արժեքի, առաքման ծառայության վճարի և այլ հնարավոր լրացուցիչ գանձումների, որոնք սահմանված են սույն օֆերտայի և վաճառոողի կողմից նախատեսված պայմաններով։
12.5. Գնորդը պարտավորվում է տրամադրել ճշգրիտ և ամբողջական տվյալներ, որոնք անհրաժեշտ են պատվերի ձևակերպման, վճարման, առաքման, վերադարձի և երաշխիքային սպասարկման համար։
12.6. Գնորդը պարտավորվում է ապրանքը օգտագործել արտադրողի հրահանգներին, տեխնիկական փաստաթղթերին և անվտանգության պահանջներին համապատասխան։
12.7. Ապրանքի անհամապատասխանություն կամ թերություն հայտնաբերելու դեպքում Գնորդը պարտավորվում է ողջամիտ ժամկետում, իսկ Սպառողի դեպքում՝ օրենքով սահմանված կարգով, տեղեկացնել Վաճառողին և ներկայացնել պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկությունները և ապացույցները, եթե դրանք իր տրամադրության տակ են։
12.8. Գնորդը պարտավորվում է պայմանագրի շրջանակներում համագործակցել Վաճառողի հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ պարզաբանումներ կամ փաստաթղթեր, որոնք պահանջվում են պատվերի մշակման, վճարման հաստատման կամ առաքման գործընթացի ապահովման համար։
12.9. Գնորդը պարտավոր է չկատարել գործողություններ, որոնք կարող են վնաս պատճառել վաճառողի համակարգին, կայքի աշխատանքին կամ խաթարել այլ Գնորդների իրենց իրավունքներից օգտվելու հնարավորությունը, ներառյալ՝ խաբուսիկ պատվերների կատարումը, վճարման համակարգերի չարաշահումը, տեխնիկական միջամտությունները կամ կայքի բովանդակության ապօրինի օգտագործումը։
13. Բողոքների, պահանջների և դիմումների ներկայացման կարգ
13.1. Գնորդը կարող է Վաճառողին ներկայացնել բողոք, պահանջ կամ դիմում Կայքի համապատասխան ձևի, էլեկտրոնային փոստի, հեռախոսային կապի, Վաճառողի վաճառասրահի կամ Կայքում հրապարակված այլ կապի միջոցի միջոցով։
13.2. Բողոքում կամ պահանջում ցանկալի է նշել Գնորդի անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, պատվերի համարը, ապրանքի անվանումը, խնդրի նկարագրությունը և պահանջվող լուծումը, ինչպես նաև կցել լուսանկարներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր, եթե դրանք առկա են։
13.3. Էլեկտրոնային եղանակով ներկայացված բողոքի կամ պահանջի ստացումը Վաճառողը հաստատում է էլեկտրոնային հաղորդագրությամբ կամ Կայքի համապատասխան ծանուցմամբ։ Վաճառողը բողոքը քննում է ողջամիտ ժամկետում և տրամադրում է պատճառաբանված պատասխան։
13.4. Բողոքների նախնական քննության կամ բանակցությունների կարգը չի սահմանափակում Սպառողի իրավունքը դիմելու դատարան, պետական մարմիններ կամ օրենքով նախատեսված այլ պաշտպանության միջոցների։
14. Անձնական տվյալներ, հաղորդակցություն և մարքեթինգային համաձայնություններ
14.1. Գնորդի անձնական տվյալների մշակումը իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, Վաճառողի Գաղտնիության քաղաքականությանը և սույն Օֆերտային համապատասխան՝ պատվերի ընդունման, վճարման, առաքման, սպասարկման, վերադարձի, երաշխիքային գործընթացի և Վաճառողի օրինական պարտավորությունների կատարման նպատակով։
14.2. Վաճառողը կարող է Գնորդին ուղարկել սպասարկման բնույթի հաղորդագրություններ, որոնք անհրաժեշտ են պատվերի կատարման համար, այդ թվում՝ պատվերի հաստատում, վճարման, առաքման, վերադարձի կամ երաշխիքային գործընթացի վերաբերյալ տեղեկացումներ։
14.3. Գովազդային, մարքեթինգային կամ ակցիոն հաղորդագրությունները Գնորդին ուղարկվում են միայն այն դեպքում, երբ Գնորդը տվել է առանձին, կամավոր և հստակ համաձայնություն, օրինակ՝ նախապես չնշված checkbox-ի միջոցով։ Գնորդը ցանկացած պահի կարող է հրաժարվել նման հաղորդագրություններից՝ Վաճառողի առաջարկած unsubscribe գործիքի կամ այլ հրապարակված եղանակով։
14.4. Անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչը չի համարվում սույն Օֆերտայի ակցեպտի ավտոմատ հետկանչ և չի ազդում արդեն կնքված պայմանագրի կամ մինչև հետկանչը կատարված օրինական մշակման վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
14.5. Կայքը կարող է օգտագործել cookie-ներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ Կայքի աշխատանքի ապահովման, վերլուծության, անհատականացման և մարքեթինգային նպատակներով։ Cookie-ների տեսակները, նպատակը և դրանց կառավարումը ներկայացվում են Կայքի Cookie քաղաքականությունում կամ համապատասխան ծանուցման միջոցով։
14.6. Վաճառողը կարող է ձայնագրել հեռախոսային խոսակցությունները ծառայության որակի վերահսկման, պատվերի տվյալների հաստատման և վեճերի լուծման նպատակով՝ նախապես տեղեկացնելով զանգահարողին ձայնագրության մասին։
15. Կողմերի պատասխանատվությունը
15.1. Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Օֆերտայով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։
15.2. Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կամ վերջինիս կողմից ներգրավված երրորդ անձանց կրած վնասների համար, եթե այդ վնասները առաջացել են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում, պայմանավորված Գնորդի գործողությամբ կամ անգործությամբ, այդ թվում՝ Առցանց խանութի օրինական պահանջների խախտման կամ դրանց չկատարման հետևանքով։
15.3. Վաճառողի ընդհանուր պատասխանատվությունը յուրաքանչյուր առանձին Պատվերի շրջանակում սահմանափակվում է ոչ ավել քան տվյալ Պատվերի գումարի չափով։ Վաճառողը ազատվում է պատասխանատվությունից, եթե պայմանագրային պարտավորությունների չկատարումը կամ ուշացումը պայմանավորված է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հանգամանքներով, այդ թվում՝ բայց չսահմանափակվելով՝ պետական մարմինների որոշումներով, պատերազմական գործողություններով, արտակարգ դրությամբ, բնության աղետներով (հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ), զանգվածային անկարգություններով, համաճարակներով, տեխնիկական համակարգերի լուրջ խափանումներով, էլեկտրամատակարարման կամ ինտերնետ կապի ընդհատմամբ, աշխատողների գործադուլներով և այլ օբյեկտիվ հանգամանքներով, որոնք խոչընդոտում են պայմանագրի պատշաճ կատարմանը և կախված չեն Վաճառողի ուղիղ կամ անուղղակի վերահսկողությունից։
15.4. Վաճառողը պատասխանատվություն չի կրում այն վնասների համար, որոնք առաջացել են Գնորդի կողմից ապրանքի ոչ պատշաճ օգտագործման, արտադրողի հրահանգների խախտման, սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ տրամադրելու, երրորդ անձանց չթույլատրված միջամտության կամ անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանքով, եթե այդ վնասը պատճառահետևանքային կապ ունի նշված հանգամանքի հետ։
15.5. Գնորդը, պայմանագիրը կնքելով, հավաստում է, որ ծանոթացել և տվել է համաձայնություն սույն հրապարակային օֆերտայի բոլոր պայմաններին՝ գիտակցելով դրանց իրավական հետևանքները։ Գնորդը հավաստում է, որ իրավունք չունի պահանջելու որևէ նյութական կամ ոչ նյութական վնասի հատուցում Վաճառողից, բացառությամբ այն դեպքերի, երբ նման պատասխանատվությունը հստակ սահմանված է սույն օֆերտայով, Վաճառողի Գաղտնիության քաղաքականությամբ կամ Հայաստանի Հանրապետության սույն իրավահարաբերությունների նկատմամբ պարտադիր կիրառման ենթակա իրավական ակտերով։
15.6. Ֆորս մաժորային հանգամանքների դեպքում Կողմերը ազատվում են պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից այն չափով, որքանով պարտավորության կատարումն անհնար է դարձել այդ հանգամանքների հետևանքով։
16. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
16.1. Օգտատիրոջ/Գնորդի անձնական տվյալների հավաքագրումն ու մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև սույն հրապարակային օֆերտայի և Վաճառողի Գաղտնիության քաղաքականության պահանջներին համապատասխան։ Օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալների ճշգրտության և դրանց երրորդ անձանց կողմից օգտագործման հետևանքով առաջացած բացասական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Օգտատերը, անկախ այն հանգամանքից, թե տվյալ գործողությունները իրականացվել են իր կամքով, թե՝ ոչ:
16.2. Վաճառողը իրավունք ունի Օգտատիրոջ/Գնորդի կողմից տրամադրված տվյալները մշակել հետևյալ նպատակներից որևէ մեկով՝ պատվերների ընդունում և առաքման կազմակերպում, պայմանագրային պարտավորությունների իրականացում, ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացում, մարքեթինգային հաղորդագրությունների ուղարկում, օգտատիրոջ գոհունակության և սպասարկման որակի գնահատում, մրցույթների, խաղարկությունների կամ վաճառքի ծավալների ավելացման նպատակով այլ ակցիաների/միջոցառումների կազմակերպում։
16.3. Անձնական տվյալների մշակումը ներառում է հետևյալ գործողությունները՝ հավաքագրում, գրանցում, համակարգում, պահպանում, հստակեցում (թարմացում), օգտագործում, փոխանցում (այդ թվում՝ անդրսահմանային), ապանձնավորում, արգելափակում, ջնջում և ոչնչացում՝ ավտոմատացված կամ ոչ ավտոմատացված եղանակներով։ Տվյալների փոխանցումը կարող է իրականացվել երրորդ անձանց՝ բացառապես պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով (օրինակ՝ առաքման կամ վճարային համակարգերի հետ համագործակցության շրջանակում)։
16.4. Վաճառողը իրավունք ունի Օգտատիրոջ/Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս էլ. փոստի կամ բջջային հեռախոսի միջոցով ուղարկել տեղեկատվական կամ գովազդային հաղորդագրություններ։ Գնորդը ցանկացած պահի կարող է հրաժարվել այդ հաղորդագրություններից՝ ուղարկելով համապատասխան դիմում Վաճառողի էլեկտրոնային հասցեին։ Վաճառողը կարող է ուղարկել ինքնաշխատ սպասարկման հաղորդագրություններ (օրինակ՝ պատվերի հաստատում, առաքման ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկացում և այլն), որոնցից հրաժարվելու հնարավորություն Գնորդին չի տրամադրվում:
16.5. Անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչը մինչև պատվերի ձևակերպումը համարվում է հրապարակային օֆերտայի ընդունումը (ակցեպտի) չստացված։
16.6. Վաճառողը կարող է օգտագործել «cookie» տեխնոլոգիան՝ Կայքի արդյունավետության, այցելությունների վիճակագրության և մարքեթինգային նպատակների համար։ Cookie-ները չեն պարունակում գաղտնի տեղեկատվություն։ Կայքը օգտագործելով՝ Օգտատերը համաձայնություն է տալիս cookie-ների օգտագործմանն ու տվյալների վերլուծությանը, ներառյալ՝ երրորդ կողմերի մասնակցությամբ։ Վաճառողը կարող է ստանալ Կայքի այցելուի IP հասցեն, սակայն տվյալ տեղեկատվությունը չի օգտագործվում անձի նույնականացման նպատակով։
16.7. Վաճառողը կարող է ձայնագրել Օգտատիրոջ/Գնորդի հետ հեռախոսային խոսակցությունները՝ ծառայության որակի վերահսկման և վեճերի լուծման նպատակներով։ Ձայնագրված տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, և այդ տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց՝ առանց համապատասխան իրավական հիմքի։ Հեռախոսազանգի ձայնագրման վերաբերյալ փաստը Գնորդին է փոխանցվում ավտոմատ կերպով՝ նախքան աշխատակցի հետ կապ հաստատելը։
16.8. Վաճառողը պատասխանատվություն չի կրում այն տվյալների համար, որոնք Օգտատերը հրապարակել է կայքում հանրամատչելի կերպով։
17. Վեճերի լուծում
17.1. Սույն Օֆերտայից կամ դրա հիման վրա կնքված պայմանագրից ծագող վեճերը Կողմերը ձգտում են լուծել բանակցությունների միջոցով։
17.2. Գնորդը կարող է ներկայացնել նախապահանջ կամ բողոք սույն Օֆերտայի 13-րդ բաժնում նշված եղանակներով։ Վաճառողը տրամադրում է պատճառաբանված պատասխան՝ հաշվի առնելով պահանջի բնույթը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներն ու կարգը։
17.3. Վեճերը, որոնք չեն լուծվում բանակցությունների միջոցով, ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում՝ ՀՀ նյութական իրավունքի կիրառմամբ, եթե պարտադիր կիրառման ենթակա օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
17.4. Նախապահանջը ստանալու պահից 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ պատասխան չստացվելու կամ ներկայացվող պահանջը մերժվելու դեպքում վեճի լուծումը հանձնվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի ենթակայությանը: Վեճը լուծվում է Պայմանագրով սահմանված պայմանների և Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի համաձայն:
18. Այլ պայմաններ
18.1. Սույն Օֆերտան գործում է Կայքում հրապարակման պահից մինչև դրա փոփոխումը կամ ուժը կորցրած ճանաչումը։
18.2. Եթե սույն Օֆերտայի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր կամ կիրառման ոչ ենթակա, դա չի ազդում Օֆերտայի մյուս դրույթների վավերականության վրա, իսկ տվյալ դրույթը կիրառվում է այն չափով, որով այն համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը։
18.3. Վաճառողը պահպանում է պատվերի պահին գործող Օֆերտայի և պատվերի պայմանների տարբերակը այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի հաստատել տվյալ պատվերի պահին Գնորդին հասանելի պայմանները։
18.4. Սույն Օֆերտայում հղում կատարված քաղաքականությունները, այդ թվում՝ վերադարձի, երաշխիքի, գաղտնիության, cookie-ների և առաքման պայմանները, համարվում են սույն Օֆերտայի բաղկացուցիչ մաս այն չափով, որքանով դրանք չեն հակասում սույն Օֆերտային և ՀՀ պարտադիր կիրառման ենթակա օրենսդրությանը։
18.5. Պայմանագրով բոլոր ծանուցումները համարվում են պատշաճ, եթե իրականացվում են գրավոր ձևով՝ հայերենով, և ուղարկվում են Պայմանագրում նշված հասցեներին (Վաճառողի դեպքում՝ սույն Օֆերտայով կամ Կայքում նշված Ընկերության գտնվելու վայրի հասցեով, Գնորդի դեպքում՝ Կայքում գրանցման կամ պատվերի ձևակերպման ընթացքում նշված առաքման հասցեով)՝ փոստային առաքմամբ (ստացման մասին հետադարձ ծանուցմամբ), առձեռն հանձնելու միջոցով, ինչպես նաև Պայմանագրում նշված ցանկացած հեռահաղորդակցության միջոցով (էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու միջոցով և/կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով ծրագրային և հավելվածային հարթակներով, ներառյալ՝ հաղորդագրություններով, բջջային հավելվածներով և այլն)։ Կողմերի միջև ծանուցումներն իրականացվում են նաև կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով՝ գրանցման կամ պատվերի ձևակերպման ընթացքում նշված բջջային հեռախոսահամարին ուղարկելու միջոցով, այնպիսի տեխնիկական եղանակով, որը բացառում է հաղորդագրության իսկության նկատմամբ կասկածը։
18.6. Սույն Հրապարակային օֆերտայով կամ դրա հիման վրա կնքված Պայմանագրով նախատեսված որևէ իրավունքից, պահանջից կամ լիազորությունից կողմերից որևէ մեկի կողմից չօգտվելը կամ դրանց իրացման ձգձգումը չի համարվում տվյալ իրավունքից, պահանջից կամ լիազորությունից հրաժարում և չի զրկում մյուս կողմին՝ պայմանների խախտման պարագայում, նույն կամ նմանատիպ իրավունքների և պահանջների իրացման հնարավորությունից։ Պայմանագրից ծագած վճարային որևէ պարտավորություն չի կարող դադարել այլ պարտավորության հաշվանցով՝ առանց Կողմերի լրացուցիչ փոխադարձ համաձայնությամբ։
18.7. Սույն Պայմանագիրը ներկայացնում է Վաճառողի և ապագա Գնորդի միջև ընդունված ամբողջական համաձայնություն։ Վաճառողը սույն Օֆերտայի առարկայի վերաբերյալ չի ստանձնում որևէ լրացուցիչ պայման կամ պարտավորություն՝ եթե այդ պայմանները չեն ամրագրվել գրավոր ձևով և ստորագրվել Վաճառողի լիազոր ներկայացուցչի և Գնորդի կողմից
19. Վաճառողի վավերապայմանները
«ԷՅ ԷՍ ԲԻ ՍԻ» ՍՊԸ
Պետական գրանցման համարը՝ 286.110.1192390
ՀՎՀՀ՝ 02845628
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք․Երևան, 0015 Կենտրոն, Նալբանդյան փ․, շ․106/1, տարածք 93
Էլ․ փոստի հասցե՝ [email protected]
Էլ․ կայքի հասցե՝ https://www.ispace.am
Կոնտակտային հեռախոսահամար՝ +37498099044
