Հոկտեմբերի 18-ին Apple-ն «անաղմուկ» ներկայացրեց հետևյալ նորույթները՝ A14 Bionic պրոցեսորով iPad-ը և M2 չիպով iPad Pro-ն: Ինչպես նաև՝ Apple TV 4K-ի երկու տարբերակ: Սարքերի լայնածավալ շնորհանդես տեղի չունեցավ․ պարզապես դրանց մասին եղած տեղեկատվությունը հայտնվեց ընկերության կայքում։
Հասկանանք, թե ինչով են հետաքրքիր նոր սարքերը։
iPad Pro. M2 չիպ և ամենակատարյալ շարժական դիսփլեյը
iPad Pro-ի նախորդ սերունդը հիմնված էր M1 չիպի վրա, որն այսօր էլ կարող է ծվեն-ծվեն անել իր մրցակիցների մեծամասնությանը: Սակայն 2022 թվականի մոդելը զինված է էլ ավելի առաջադեմ M2 չիպով: Դա նշանակում է որ․
- կենտրոնական պրոցեսորը դարձել է 15% ավելի արագագործ,
- գրաֆիկական մասը՝ 35%-ով ավելի արդյունավետ,
- հիշողության թողունակությունն ավելացել է 50%-ով` մինչև 100 ԳԲ/վ,
- Neural Engine-ն այժմ մշակում է 40%-ով ավելի շատ հարցումներ:
Օգտատերերի մեծամասնությունը հազիվ թե նկատի արդյունավետության այս բարձրացումը: Քանի որ M1-ի հզորությունն առաջ էլ աչքի չէր ընկնում. պետք էր լինում ջանք գործադրել համակարգն անհրաժեշտ չափով բեռնելու համար: M2-ի շնորհիվ օգտատերը կհավատա հրաշքին։
Բազմակի առաջադրանքների ռեժիմում աշխատանքն ավելի սահուն է դարձել: Safari-ի ներդիրները բացվում են 1-2 վայրկյանի ընթացքում, ցանկացած ծրագիր բեռնվում է ակնթարթորեն: Լավագույն գրաֆիկայով խաղերը թռչում են իրենց հնարավորությունների առավելագույն չափով: Սա կատարյալ դյուրակիր սարք է նրանց համար, ովքեր աշխատում են հսկայական ծավալով տվյալների հետ՝ լուսանկարիչների, տեսախմբագիրների, դիզայներների, ովքեր կառավարում են բարդ 3D օբյեկտներ և բոլոր կոնտենտ ստեղծողների համար:
Եվ մեկ նորամուծություն է անմիջապես պլանշետի տեսախցիկի վրա ProRes ձևաչափով տեսանյութ նկարահանելու հնարավորությունը: Նոր մեդիա շարժիչը և ազդանշանի մշակման պրոցեսորը թույլ են տալիս մինչև 3 անգամ ավելի արագ վերծանելու ProRes-ի կադրերը: Սա նշանակում է, որ անգամ շարժական պայմաններում կարելի է ստեղծել, խմբագրել և հրապարակել կինեմատոգրաֆիական որակով տեսանյութեր: Բավական կլինի միայն մեկ iPad Pro 2022-ը:
Նորույթի ցուցասարքը (դիսփլեյ) մնացել է նույնը։ 12,9 դյույմ անկյունագծով տարբերակում Liquid Retina XDR-ի պայծառությունը մինչև 1600 նիտ է: 11 դյույմանոց մոդելում՝ Liquid Retina-ն 600 նիտ առավելագույն պայծառությամբ է: Երկու մոդելներն էլ ունեն True Tone-ի և ProMotion-ի հնարավորություն:
Apple-ը զգալիորեն բարելավել է պլանշետի փոխգործողությունը ստիլուսի հետ։ Apple Pencil-ն (2-րդ սերնդի) այժմ ունի Hover գործառույթի հնարավորություն: Դրա շնորհիվ նկարելն ու նշումներ կատարելն ավելի հարմար է դարձել, քանի որ պլանշետը ճանաչում է ստիլուսի շարժումները 12 մմ հեռավորությունից։ Օրինակ, օգտատերը կարող է նայել իր նշումը դեռ մինչև այն անելը: Իսկ Scribble-ում տեքստային դաշտերը ավտոմատ կերպով մեծանում են, երբ մատիտը մոտենում է էկրանին:
Մյուս բնութագրերից են՝ Wi-Fi 6E մոդուլը և Bluetooth 5.3-ը, ստուդիական որակի հինգ խոսափողները և Dolby Atmos հնարավորությամբ չորս բարձրախոսները: Ինչպես նաև LiDAR սկաները և Smart HDR 4 գործառույթի աջակցությունը՝ առավելագույնս ռեալիստական լուսանկարների համար:
Հենց սրա համար էլ նոր iPad Pro-ն ամենաարդիականներից և ամենաարդյունավետներից մեկն է աշխարհում: Այն հասանելի է 8 CPU միջուկով, 10 GPU միջուկով և 16 Neural Engine միջուկով կոնֆիգուրացիաով:
10-րդ սերնդի iPad․ լիաէկրան դիզայն, արդիականացված տեսախցիկ և վառ գունապնակ
Apple-ի նոր պլանշետի արտաքին տեսքը հիմնական կոնֆիգուրացիայով մոտեցված է քիչ ավելի վաղ թողարկված iPad Air-ին: Չորս վառ գույներով դիզայնը միանշանակ տպավորվում է, սակայն՝ ոչ միայն ի հաշիվ իր հյութեղ գունապնակի: 10-րդ սերնդի արծաթագույն, դեղին, վարդագույն և կապույտ ալյումինե iPad-ը ստացել է 10,9 դյույմանոց Liquid Retina էկրան, որն ընդլայնվել է գրեթե մինչև եզրերը՝ դրանով իսկ մեծացնելով աշխատանքային մակերեսը հավելվածների, խաղերի և այլնի համար:
Խոսելով էկրանի մասին՝ հարկ է հիշել նաև շրջակա միջավայրի լույսից կախված՝ ջերմաստիճանի ավտոմատ շտկման համար 2360×1640 պիքսել կետայնության, գրեթե 4 միլիոն պիքսելի, 500 նիտ պայծառության և True Tone տեխնոլոգիայի մասին: Այս ամենը օգտատերերին խոստանում է նոր iPad-ի հիանալի տեսողական ընկալում:
Ի դեպ, Touch ID-ն տեղափոխվել է iPad-ի վերին կոճակի վրա։ Սա պարզեցրել է սարքի ապակողպումը, հավելվածներ մուտք գործելը և Apple Pay-ի վճարման ծառայության օգտագործումը:
iPad-ում օգտագործվում է հզոր և օգտատերերին լավ հայտնի A14 Bionic պրոցեսորը, որ տեղադրված է iPhone 12-ում։ Դրա շնորհիվ հիմնական պրոցեսորի արդյունավետությունը ավելացել է 20%-ով, իսկ գրաֆիկայինը՝ 10%-ով (նախորդ սերնդի պլանշետի համեմատ): Այս հնարավորություններն առավել քան բավարար են ցանկացած առօրյա առաջադրանքի համար․ օրինակ՝ պրեզենտացիայի ձևավորում, տեսանյութերի կամ լուսանկարների խմբագրում, ընթերցանություն և նույնիսկ շատ բան պահանջող գրաֆիկայով խաղեր: Ընդ որում ամեն ինչ կաշխատի սահուն և արագ։
Apple-ը զգալիորեն արդիականացրել է 10-րդ սերնդի նորացված iPad-ի տեսախցիկը։ Առաջին անգամ առջևի 12 մեգապիքսելանոց տեսախցիկն այժմ տեղակայված է կորպուսի եզրի երկայնքով՝ եթե պահվում է հորիզոնական դիրքով: Գերլայնանկյուն տեսախցիկն ունի Center Stage-ի հնարավորություն, որն ավտոմատ կերպով կարգավորում է պատկերը՝ որպեսզի բոլոր մասնակիցները լինեն կադրում:
Հետևի 12 մեգապիքսելով տեսախցիկը ստացել է բարձր կետայնությամբ լուսանկարներ անելու և 4K տեսանյութեր տեսագրելու հնարավորություն՝ մինչև 60 fps կադրերի հաճախականության դեպքում։ Բացի այդ հայտնվել է նաև ընդլայնված դինամիկ տիրույթ 30 fps-ով տեսագրելիս և դանդաղեցված նկարահանում՝ 1080p-ի դեպքում: Ի դեպ, կրկնակի միկրոֆոնների շնորհիվ տեսանկարահանման ժամանակ ձայնը գերազանց կլինի, իսկ ֆոնային աղմուկը նվազագույնի կհասցվի։
Հարկ է նշել նաև, որ iPad-ը ստացել է ստերեո բարձրախոսներ, Wi-Fi 6-ի հնարավորություն և երկար սպասված USB-C միակցիչ, ինչպես հին մոդելներում։ Վերջին թարմացման շնորհիվ նոր iPad 2022-ը կկարողանա աջակցել աշխատանքային պարագաների լայն սպեկտր, օրինակ՝ Magic Keyboard Folio:
Apple TV 4K․ դարձել է ավելի հզոր և ավելի մատչելի
Նոր պլանշետներին զուգընթաց Apple-ը ներկայացրել է նաև Apple TV 4K կցորդը։ Սարքը ստացել է հզոր A15 Bionic պրոցեսոր. նույնպիսին տեղադրված է iPhone 13-ում և բազային iPhone 14: Չիպն ապահովում է էլ ավելի բարձր արտադրողականություն և ավելի սահուն գործընթաց խաղերի ժամանակ. կենտրոնական պրոցեսորը 50%-ով ավելի ճարպիկ է, քան նախորդ սերնդի կցորդինը:
2022-ին թողարկված Apple TV-ն հասանելի է միանգամից երկու կոնֆիգուրացիայով: Կրտսեր տարբերակը ստացել է 64 ԳԲ հիշողություն և Wi-Fi-ի հնարավորություն: Ավագը՝ 128 ԳԲ հիշողություն, ինչպես նաև Wi-Fi-ի և Ethernet-ի միակցիչներ։ Ի դեպ, երկրորդ տարբերակը նույնպես ունի խելացի տան համար նախատեսված Thread Mesh պրոտոկոլի հնարավորություն։
A15 Bionic չիպն ապահովել է նոր Apple TV 4K կցորդը HDR10+ տեխնոլոգիայով: Այն մշակում է տեսանյութի յուրաքանչյուր կադր՝ գույնի, պայծառության, կոնտրաստի իր պարամետրերով: Սա նկարը կդարձնի էլ ավելի լավը՝ զարմանալիորեն մանրամասն, հագեցած և ռեալիստական: Առկա են նաև շրջապատի և ծավալային հնչողության ձեզ լավ հայտնի Dolby Atmos և Dolby Digital 7.1/5.1 տեխնոլոգիաները։
Վիզուալ տեսանկյունից կցորդը չի փոխվել. այն նույն ոճային փայլատ, սև պլաստիկե պատյանն է՝ փայլուն եզրերով և խնձորի լոգոտիպով:
Իսկ Siri Remote վահանակը մի փոքր վերափոխվել է. այժմ այն կարելի է լիցքավորել USB-C միակցիչի միջոցով: Սենսորային վահանակը ապահովում է պարզ և հարմարավետ նավիգացիա Apple TV օգտատիրական ինտերֆեյսով: Հավելվածում դուք կգտնեք հանրության լայն շրջանակներում ճանաչում գտած և բազմաթիվ պարգևների արժանացած ֆիլմերի, սերիալների և թոք-շոուների հսկայական հավաքածուներ: Ձեր սեփական տնային կինոթատրոնում դրանք բարձր կետայնությամբ դիտելն իսկապես շատ հաճելի է:
Հետևեք նորություններին մեր կայքում։ Շատ շուտով նորույթները կհայտնվեն վաճառքում։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: